13:37 | 14.03.12 | Նորություններ | 1494

Մաթեմատիկական կրթությունը Հայաստանում հեռու է կիրառությունից, ասել է մասնագետը

Երեւան: Մեդիամաքս: “Մաթեմատիկա” ամսագրի խմբագիր, մաթեմատիկոս Համլետ Միքայելյանն այսօր ասել է, որ դպրոցում ուսուցանվող մաթեմատիկա առարկան հեռու է կիրառությունից:

Մաթեմատիկոսի միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսի ընթացքում նա ասել է, որ մաթեմատիկան ունի մեծ կրթական ներուժ, սակայն դասագրքերում կիրառական օրինակների բացակայության պատճառով աշակերտները դժվարանում են յուրացնել առարկան:

“Չկա դասագրքերի այլընտրանք, որպեսզի ուսուցիչներն իրենք ընտրեն, թե ինչ դասագրքով են ուսուցանելու: Եթե նման պայմաններ լինեն, կրթության նախարարության պարտականությունը կլինի այս կամ այն դասագրքի ներմուծումը երաշխավորելը միայն”,- ասել է Համլետ Միքայելյանը:

Նա իր մտահոգությունն է հայտնել նաեւ ընդունելության քննությունների համար նախատեսված մաթեմատիկայի շտեմարանների վերաբերյալ: “Շտեմարանները փորձարկում չեն անցել, նրանց վերաբերյալ չկա գրախոսություն: Հայտնի չէ, թե դրանք ի՞նչ չափորոշիչների են բավարարում եւ ի՞նչ են ստուգում”,- ասել է մաթեմատիկոսը:

Կրթության ազգային ինստիտուտի բնագիտամաթեմատիկական առարկաների բաժնի ղեկավար Սարիբեկ Հակոբյանն էլ ասել է, որ դասագրքերը համապատասխանում են սահմանված չափորոշիչներին:

“Չափորոշիչներում հստակ տարբերակում կա. վարժությունները նախատեսված են միջին պատրաստվածության եւ բարձր պատրաստվածության աշակերտների համար: Ուսուցման արդյունավետությունն այս պարագայում կախված է ուսուցչից”,-ասել է նա: