15:14 | 22.02.12 | Նորություններ | 3448

ԱրմենՏելը գործարկել է «Խոսող SMS» ծառայությունը բոլոր ֆիքսված համարների համար

Երեւան: Մեդիամաքս:ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) ընդլայնել է «Խոսող SMS» ծառայության աշխարհագրությունը:

Այժմ Beeline բջջային կապի բաժանորդները կարող են ուղարկել SMS հաղորդագրություն ինչպես Երեւան քաղաքի, այնպես էլ Հայաստանի բոլոր շրջանների Beeline ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին:

«Հաշվի առնելով Երեւան քաղաքում մեր հաջող փորձը, որոշեցինք ընդլայնել «Խոսող SMS» ծառայության աշխարհագրությունը  եւ հնարավորություն ընձեռել մեր բաժանորդներին շարժական կապի ավանդական ծառայությունից օգտվել նաեւ ֆիքսված հեռախոսներից», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ֆիքսված հեռախոսակապի համարին հաղորդագրություն ուղարկելը նման է բջջային հեռախոսով հաղորդագրություն ուղարկելուն. բաժանորդը պետք է մուտքագրի քաղաքային հեռախոսահամարը, գրի հաղորդագրությունը եւ այնուհետեւ ուղարկի: Ֆիքսված կապի բաժանորդի հեռախոսահամարին կատարվում է զանգ` ստացված հաղորդագրություն մասին տեղեկատվությամբ: Ֆիքսված կապի բաժանորդը լսում է հաղորդագրությունը եւ ցանկության դեպքում կարող է ուղարկել պատասխան ձայնային հաղորդագրություն: Բջջային կապի բաժանորդը ստանում է ծանուցում պատասխան հաղորդագրության մասին, որը կարող է լսել զանգահարելով 8008 կարճ համարին: SMS հաղորդագրությունն ուղարկելու համար բջջային կապի բաժանորդին անհրաժեշտ է հեռախոսահամարը նշել հետեւյալ եղանակով` 010XXXXXX կամ 37410 XXXXXX:

SMS հաղորդագրությունը ֆիքսված կապի բաժանորդին ուղարկելու համար կարող է գրվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` օգտագործելով կիրիլիկ կամ լատինական տառատեսակները: Մեկ SMS հաղորդագրության արժեքը քաղաքային համարին կազմում է 100 դրամ, իսկ ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 8008 կարճ համարին` 90 դրամ: SMS հաղորդագրության լսելը եւ պատասխան հաղորդագրության ուղարկելը ֆիքսված կապի բաժանորդների համար անվճար է:

Ֆիքսված կապի հեռախոսահամարին զանգերը կատարվում են բացառապես ժամը 8:00-ից մինչեւ 22:00-ը ընկած ժամանակահատվածում:  Եթե SMS հաղորդագրությունն ուղարկվում է ժամը 22:00-ից հետո, ապա բջջային կապի բաժանորդը ստանում է տեղեկատվություն, որ իր հաղորդագրությունը կուղարկվի առավոտյան ժամը 8:00-ին: