17:35 | 08.02.12 | Նորություններ | 3726
Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Dasaran.am կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը հնարավորություն է տալիս ծրագիրը կիրառել քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդման միջոցով նպաստել կրթության որակի բարձրացմանը:
Ծրագիրը թույլ է տալիս կայքում հետեւել դպրոցականների հաճախելիության եւ առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաեւ տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների եւ հաշվետվությունների մասին, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական եւ համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարեւորելով կրթական համակարգում ընթացող բարեփոխումների ծրագրերը, նշել է, որ կայքի նախաձեռնությունը կարեւոր քայլ է համակարգի գործունեության թափանցիկության ապահովման ուղղությամբ եւ պատրաստակամությունն է հայտնել աջակցել ու սատարել նմանատիպ ծրագրերի իրականացմանը:
“Գործնականում արդեն տեսնելով ծնողների եւ ուսուցիչների գոհունակությունը` վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ դպրոցներում լիարժեքորեն կապահովվի գործունեության թափանցիկությունն ու հնարավորություն կտա ամրապնդել ծնող-դպրոց-պետություն համագործակցությունը”,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ցուցաբերած աջակցության համար` ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը նշել է, որ այն լավ գործիք է դպրոցին վերաբերող տարբեր տվյալների ստացման, դպրոցի արդյունավետ կառավարման, վերահսկողության եւ վերլուծությունների համար:
Ներկայումս ծրագրում ներգրավված է Երեւանի 160 դպրոց: Մինչև մարտի 15-ը ծրագիրը կներառի Երեւանի հանրակրթական բոլոր դպրոցները, այնուհետ ընդլայնվելով հանրապետության ողջ տարածքով:
Մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են եւ բաց կայքի այցելուների համար: