09:17 | 13.01.12 | Նորություններ | 3532

Ռոստելեկոմը մտադիր է գնել GNC-Alfa-ի 75 %-ը

Երեւան/Մեդիամաքս/. Ռոստելեկոմը մտադիր է գնել GNC Alfa հայաստանյան մագիստրալային օպերատորի բաժնետոմսերի 75 %-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին գրում են «Կոմերսանտ» եւ «Վեդոմոստի» թերթերը` վկայակոչելով «Ռոստելեկոմ»-ի Տնօրենների խորհրդի` հունվարի 16-ին կայանալիք նիստի նյութերը:

GNC-Alfa-ի բաժնետոմսերի 100 %-ի արժեքը գնահատվում է $30 մլն:

«Կոմերսանտ»-ը նաեւ նշում է, որ  «Ռոստելեկոմ»-ը մտադիր է ձեռք բերել նաեւ Ucom ինտերնետ-պրովայդերին, ինչը «GNC-Alfa-ի հետ միասին ռուսաստանյան ընկերությանը կապահովի լայնաշերտ ինտերնետի հայաստանյան շուկայի նվազագույնը 13%-ը»: GNC-Alfa-ում «Կոմերսանտ»-ին հայտնել են, որ «վաճառքի հարցերը կարող է մեկնաբանել միայն ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ով երեկ անհասանելի էր»:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2010-ի հոկտեմբերին GNC-Alfa-ն եւ Ռոստելեկոմը համաձայնագիր էին ստորագրել ՀՀ տարածքում Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո ծառայությունների մատուցման մասին:

Ինչպես այն ժամանակ Մեդիամաքս-ին հայտնել էր GNC Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, համաձայնագիրը ենթադրում է ՀՀ հաճախորդներին Ռոստելեկոմի այնպիսի ծառայությունների մատուցում, ինչպիսիք են IP-տարանցումը, ինտերնետ-կապը կորպորատիվ հաճախորդների համար եւ կապուղիների վարձակալությունը: Նա նշել էր, որ համաձայնագիրը չի նախատեսում Ռոստելեկոմի կողմից հայաստանյան ընկերության ակտիվների ձեռք բերում:

2011թ. մայիսին Հայկ Ֆարամազյանը հաստատել էր, որ բաժնետերերը քննարկում են բիզնեսն ամբողջությամբ կամ մասամբ վաճառելու հնարավորությունը: «Մենք վարձել ենք խորհրդատուներ, ովքեր կիրականացնեն հավանական գործարքը: Որքան ինձ հայտնի է, գնման առաջարկներն արդեն ուղարկվել են ռուսաստանյան եւ եվրոպական որոշ ընկերությունների»,- ասել էր նա “Կոմերսանտին”: