09:41 | 12.01.12 | Նորություններ | 1745

Այսօր սկսվում է բարձր մակարդակի անհատական դոմենների գրանցումը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ամերիկյան ICANN կազմակերպությունը, որը նախկինում բարձր մակարդակի դոմենների գրանցման իրավունքը վերապահում էր միայն պետություններին, այժմ սկսել է հասցեներ վաճառել բոլոր ցանկացողներին: Իրենց դոմենը կարող են գրանցել ընկերությունները, առանձին քաղաքները եւ կազմակերպությունները, գրում է Վեդոմոստի-ն:

Սակայն դա շատ թանկ հաճույք է լինելու. փաստաթղթերի գրանցումը կարժենա $185 000, իսկ սեփական դոմենի լիարժեք գործարկումը` շուրջ $2 մլն առաջիկա մի քանի տարվա համար:

Արդեն հայտնի է, որ սեփական դոմեն են ուզում ունենալ այնպիսի միջազգային ապրանքանիշեր, ինչպիսիք են Procter&Gamble-ը, eBay-ը, Hitachi-ն եւ այնպիսի  մեգապոլիսներ, ինչպես Մոսկվան, Նյու-Յորքը, Լոնդոնը, Տոկիոն, Փարիզը եւ Բեռլինը:

ՌԲԿ Daily-ն ներկայացնում է “Մեդիամիր” ընկերության ղեկավար Միխայիլ Գուրեւիչի կարծիքը, ով ասում է, որ “բարձր մակարդակի դոմենների գաղափարը արտահայտում է դոմենային համակարգի հոգեվարքի վերջին փուլը”: Նրա խոսքերով, “նավիգացիայի համակարգը համացանցում այնքան է պարզեցված, որ բավական է հասցեի բաժնում հավաքել անհրաժեշտ հարցումը, եւ կայքի անվանումը տպելու անհրաժեշտություն այլեւս չի լինում”:

“Աշմանով եւ գործընկերներ” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Աշմանովը նույնպես կարծում է, որ բարձր մակարդակի դոմենների գրանցումը բացառապես իմիջային նախագիծ է եւ չի ունենա շուկայական պահանջարկ: