Սթիվ Ջոբսը եւ Ավի Թեւանյանը
15:28 | 15.12.11 | Նորություններ | 884
Երեւան/Մեդիամաքս/. Սթիվ Ջոբսի ամենամտերիմ ընկերներից եւ գործընկերներից մեկը՝ հայազգի Ավի Թեւանյանն ասել է, որ Apple-ի նախկին ղեկավարի ինքնավստահությունը եւ մտածելակերպը դրդել են նրան հետաձգել քաղցկեղի բուժումը: Ավի Թեւանյանը մինչեւ 2006թ-ը Apple-ի տեխնոլոգիաների գծով տնօրենն էր եւ Սթիվ Ջոբսի վաղեմի ընկերը:
BBC-ի հետ հարցազրույցում նա ասել է, որ Ջոբսն ուներ “իրականությունն աղավաղող դաշտ”՝ կամքի ուժ, որն օգնում էր իրեն ստիպել մարդկանց հասնել անհավանականին: «Այս նույն համոզմունքների համակարգը ստիպեց նրան հրաժարվել ավանդական բուժումից քաղցկեղի վաղ տարիներին: Հիվանդությունը հայտնաբերելուց հետո նա համառորեն մերժում էր թեթեւ վիրաբուժական միջամտության առաջարկը, որը կկանգնեցներ քաղցկեղի զարգացումը վաղ շրջանում: Փոխարենը նա ընտրեց այլընտրանքային թերապիա եւ անցավ հատուկ դիետայի: Կարծում եմ, համոզում էր իրեն, որ կկարողանա բուժվել այս մեթոդներով», - ասել է Ավի Թեւանյանը:
Սթիվ Ջոբսը մահացել է այս տարվա հոկտեմբերի 5-ին 56 տարեկանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից, որն իր մոտ հայտնաբերվել էր դեռեւս 8 տարի առաջ:
«Սթիվը մի մարդ էր, ով կարողանում էր համոզել իրեն բաներում, որոնք ամենեւին անպայման չէ ճշմարտություն լինեին: Իր այս մտածելակերպն օգնում էր իրեն նախագծել նոր պրոդուկտներ. նա գնում եւ խնդրում էր մարդկանց անել մի բան, ինչն նրանց կարծիքով անհնար էր»,- ասել է Ավի Թեւանյանը:
Սթիվ Ջոբսն առաջին անգամ համաձայնվեց վիրահատական միջամտության 2004-ին, երբ քաղցկեղն արդեն սկսում էր տարածվել մյուս օրգանների վրա: Այդ ժամանակ նա խոստովանեց, որ բուժման ձգձգումն իր սեփական սխալն էր: