09:34 | 17.11.11 | Նորություններ | 2118

Facebook-ը ենթարկվել է սփամերների գրոհին

Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ը ենթարկվել է սպամերների գրոհին, որի արդյունքում բազմաթիվ օգտվողների նորությունների բաժնում հայտնվել են պոռնոգրաֆիկ եւ վիրավորական պատկերներ, հաղորդել է Sophos հակավիրուսային ընկերությունը:

Քոնթենթը կայքում տարածվել է առնվազն վերջին 24 ժամվա ընթացքում: Պատկերներն ուղարկվում էին պարզ օգտվողների անունից` առանց նրանց իմացության: Օգտվողները չէին տեսնում, որ իրենց անունից սփամ է տարածվում, մինչդեռ նրանց ընկերներն իրենց նորությունների բաժնում դիտում էին այդ նկարները:

Facebook-ի ներկայացուցիչները CNN ընկերությանը հայտնել են, որ տեղյակ են գրոհի մասին: Այնտեղ նշել են, որ Facebook-ի օգտվողներին սփամից եւ վնասակար քոնթենթից զերծ պահելը ընկերության առաջնահերթ խնդիրներից է: