11:58 | 14.11.11 | Նորություններ | 3485

Հայտնի են Orange Գրքի մրցանակակիրների անունները

Երեւան/Մեդիամաքս/. Ամփոփվել են \"Orange գրքի մրցանակ 2011\" գրքի մրցույթի արդյունքները եւ հրապարակվել են հաղթողների անունները. 

Վեպ. «Շների համաստեղությունը» (Նարինե Կռոյան) - 924 քվե;

էսսե. «Կամուրջ դեպի Տանյան` արտասովոր բանաստեղծն ու կինը», (Վիոլետ Գրիգորյան) - 309 քվե;

Պատվածք. «Ֆուտբոլի գնդակի երազանքը» (Տաթեւ Դերզյան) - 1506 քվե;

«Սցենար» եւ «հեքիաթ» կատեգորիաներում երկրորդ փուլում ներկայացվել էին մեկական գործ, որոնք էլ ճանաչվում են հաղթող այդ կատեգորիաներում.

Սցենար. « Չարենց» (Վահրամ Մարտիրոսյան)

Հեքիաթ. «Անկիմյուրի բնակիչները» (Արմինե Աբրահամյան)

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով:

«Հետաքրքրությամբ հետեւեցինք այն քննարկումներին, որ ծավալվեցին սոցիալական ցանցերում եւ այլ հարթակներում:  Նախեւառաջ դա խոսում է նախագծի հետաքրքրության ու արդիականության մասին: Ինչպես արդեն բազմիցս ասել ենք, Orange Գրքի մրցանակն ավելի շուտ ոչ թե գրական մրցանակ է, այլ ընթերցողի եւ գրքի սիրահարների մրցանակ: Մենք այս ընթացքում արեցինք հնարավորը` հանրային ընթերցանությունների, քննարկումների միջոցով խթանելու հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Ընթերցողներն արեցին իրենց ընտրությունը եւ մենք երջանիկ ենք աջակցել, որպեսզի նրանց ընտրած ստեղծագործությունները դառնան գիրք», - ասել է Orange-ի տնօրեն Բրունո Դյութուան:

Մրցույթին մասնակցել է 130 ստեղծագործություն:

«Վեպ», «էսսե» եւ «պատմվածք» անվանակարգերում հաղթողներն ընտրվել են Orange-ի վեբ կայքում`www.orangearmenia.am/book-prize ընթերցողների առցանց քվեարկությամբ, որտեղ ընթերցողները քվեարկել են դուր եկած ստեղծագործության օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով` սեղմելով յուրաքանչյուր ստեղծագործության մոտ հասանելի “like” կոճակը: