Աիստե Զիլինսկիենե
15:36 | 07.11.11 | Նորություններ | 3750
Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 5-ին Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում չորրորդ վարպետության դասն է անց կացրել Լիտվայի Delfi.lt խոշորագույն տեղեկատվական պորտալի հասարակության հետ կապերի գծով տնօրեն Աիստե Զիլինսկիենեն:
Delfi պորտալը գործում է Լիտվայում 2000 թվականից: Մեկ տարի շուտ այն գործարկվել էր Էստոնիայում (www.delfi.ee) եւ Լատվիայում (www.delfi.lv), իսկ 2009 թվականից գործարկվել է նաեւ կայքի ուկրաիներեն տարբերակը (www.delfi.ua):
Բոլոր Delfi պորտալները պատկանում են Ekspress Group էստոնական մեդիա ընկերությանը:
Բնակչության քանակով Հայաստանի հետ համադրելի Լիտվայում ինտերնետի թափանցելիությունը հասնում է 65%-ի:
Երկրում լրատվական պորտալների միջեւ բավականին մեծ մրցակցություն է տիրում. գործում են 9 ունիվերսալ եւ մի շարք մասնագիտացված լրատվական պորտալներ: Delfi-ն բացարձակ առաջատար է իր օրական 300 հազար այցելություններով: Delfi.lt հաճախորդը պորտալում օրական միջինը 24 րոպե է անց կացնում:
Աիստե Զելինսկիենեն պատմել է, որ Delfi.lt-ի բովանդակության կեսից ավելին ինքնուրույն է ապահովում 50 հաստիքային թղթակիցների եւ խմբագիրների (պորտալի աշխատակիցների ընդհանուր քանակը 80 է), արտահաստիքային թղթակիցների եւ ընթերցողների շնորհիվ:
Ամեն օր պորտալում տեղադրվում է ավելի քան 400 լուր, որոնցից գրեթե 20-ի հեղինակներն են ընթերցողները: Այդ լուրերը պարտադիր կերպով ստուգվում են Delfi-ի խմբագրության կողմից:
Պորտալի «այցեքարտն» են ընթերցողների մեկնաբանությունները` դրանց միջին օրական քանակը գերազանցում է 10 հազարը: Delfi.lt-ի մեկ այլ առանձնահատկությունը առցանց ասուլիսներն են, որոնց մասնակցում են քաղաքական գործիչները, տնտեսագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, տարբեր ոլորտի փորձագետները: Delfi-ն առցանց ասուլիսներ է անցկացնում շաբաթը 1-ից 4 անգամ: Քաղաքական գործիչները, մարզիկները, մշակութային գործիչները նաեւ իրենց սյունակներն ու բլոգերն են վարում պորտալում:
Delfi.lt-ն անընդմեջ զարգանում է. գործընկերային ծրագրեր է իրականացնում հեռուստաընկերությունների հետ, գործարկում է նոր, մասնագիտացված պորտալներ, զարգացնում բջջային տարբերակը: Նոր ինտերնետ նախագծում ներդրումների միջին ծավալը կազմում է €80 հազար:
Աիստե Զելինսկիենեն պատմել է, որ պորտալը չունի ուղղիղ հեռուստատեսային գովազդ, սակայն այն գրավում է հեռուստատեսային լսարանը, ինտեգրվելով տարբեր հեռուստաշոուներում, որոնց հանդիսատեսներն, օրինակ, կարող են հեռուստանախագծի այս կամ այն մասնակցին «փրկել» հեռացումից` պորտալում քվեարկելու միջոցով:
Պորտալը կարդում են նաեւ Լիտվայից դուրս ապրող լիտվացիները: «Մեր հայրենակիցներից շուրջ 1 մլն մարդ ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում, Անգլիայում, Իռլանդիայում եւ Իսպանիայում, եւ նրանցից շատերի համար մեր պորտալը հայրենիքում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվության հիմնական աղբյուր է հանդիսանում», - ասել է Աիստե Զիլինսկիենեն:
Բաներային գովազն ապահովում է Delfi.lt պորտալի հասույթի 95 %-ը:
Yerevan Web Meetings 2011 նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման եւ առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը: Նախագիծը Մեդիամաքսն իրագործում է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ:
Նախագծի շրջանակներում վարպետության վերջին դասը նոյեմբերի 12-ին կանցկացնի Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում Facebook-ի ներկայացուցիչ Եկատերինա Սկորոբոգատովան: