10:35 | 14.10.11 | Նորություններ | 1792

HP-ից հետո Lenovo-ն դարձել է աշխարհում համակարգիչներ հավաքող երկրորդ ընկերությունը

Երեւան/Մեդիամաքս/. Lenovo-ն դարձել է աշխարհում համակարգիչներ եւ նոթբուքեր հավաքող երկրորդ ընկերությունը: Այսօր այս մասին գրում է Vedomosti.ru-ն` վկայակոչելով IDC եւ Gartner հետազոտական ընկերությունների կողմից հրապարակված՝ 2011-ի երրորդ եռամսյակի արդյունքները:

Այս ոլորտում աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ամերիկյան HP-ն, որին, ըստ Gartner-ի, բաժին է ընկնում համակարգիչների 18,1%-ը , իսկ IDC-ի տվյալներով` 17,7%-ը, երկրորդ տեղում է Lenovo-ն, ըստ Gartner-ի` 13,5%, եւ, ըստ IDC-ի տվյալների` 13,7% չափաբաժինով:

Համակարգիչների համաշխարհային շուկայի ընդհանուր ծավալը երրորդ եռամսյակում Gartner-ի գնահատմամբ կազմում է 91,7 մլն համակարգիչ (3,2% ավելին, քան 2010-ի III եռամյակում), իսկ IDC-ի գնահատմամբ` 91,8 մլն համակարգիչ (3,6% աճ):

Վերջին հինգ եռամսյակում Lenovo-ի վաճառքները ավելի են մեծացել, քան մեկ այլ համակարգիչներ հավաքող ընկերությունում: Lenovo-ի նախագահ Յան Յաուանձինը հայտարարել է, որ կես տարում իր ընկերությանը հաջողվել է անցնել երկու մրցակիցներից` Dell-ից եւ Acer-ից, եւ “այժմ մենք հնարավորություն ունենք դառնալու համակարգիչներ հավաքող աշխարհի խոշորագույն ընկերություն”: