16:59 | 12.10.11 | Նորություններ | 3303
Երեւան/Մեդիամաքս/. Շուտով ԱրմենՏել-ի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կկարողանան տարբեր սակագնային պլանների անցնել:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանն այսօր ասել է, որ այս հարցի քննարկումը ՀԾԿՀ-ում տեղի կունենա հոկտեմբերի 19-ին:
Սամվել Արաբաջյանի խոսքով, ֆիքսված ցանցի սակագնային պլանների հիմնական նպատակային խումբը մարզերի բնակիչներն են, քանի որ ԱրմենՏել-ի ֆիքսված ցանցում միջազգային զանգերի սակագները կազմում են 20 դրամ մեկ րոպեի դիմաց, ինչը մրցունակ սակագին չէ եւ հանգեցնում է ձայնային տրաֆիկի նվազեցմանը:
«Ֆիքսված հեռախոսակապի շուկայում գերիշխող ԱրմենՏել ընկերությունը գիտակցել է սակագների ձեւավորման մեջ ճկունություն մտցնելու անհրաժեշտությունը` մարզերում իր ֆիքսված ցանցից օգտվելու ակտիվացման նպատակով, եւ որոշվել է նոր սակագնային պլաններում նվազեցնել միջքաղաքային զանգերի արժեքը, միաժամանակ կրճատելով անվճար րոպեների քանակը եւ պահպանելով բաժանորդային վճարի ընթացիկ չափը», - ասել է Սամվել Արաբաջյանը:
Նա նշել է, որ չնայած ՀԾԿՀ-ն ֆիքսված հեռախոսակապի տրամադրման շուրջ 50 արտոնագրեր է տվել, փաստացիորեն դրանք տրամադրվում են միայն 5-6 ընկերությունների կողմից, ընդ որում` միայն Երեւանում, իսկ մարզերում ԱրմենՏելը շարունակում է միակ խաղացողը մնալ: