12:21 | 07.10.11 | Նորություններ | 894

ՏՏ ոլորտը կարող է դառնալ տնտեսության կարեւորագույն շարժիչներից մեկը, ասել է վարչապետը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ կառավարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի համագործակցության շնորհիվ  այսօր կան լուրջ նախադրյալներ, որպեսզի ՏՏ ոլորտը  դառնա Հայաստանի տնտեսության կարեւորագույն շարժիչներից մեկը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով Դիջիթեք ցուցահանդեսի բացմանը, վարչապետն ասել է, որ այսօր Հայաստանում ՏՏ ոլորտում գործում են շուրջ 300 ձեռնարկություններ` 5 500 աշխատողներով:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ ՏՏ ոլորտում տարեկան ներդրումների եւ ընդհանուր արտադրանքի ծավալը կազմում է $ 200 մլն, եւ այդ ծավալները ունենալու են առաջանցիկ աճի տեմպեր` գերազանցելով ՀՆԱ աճի տեմպերը ՀՀ-ում:

Այս տարի Դիջիթեք ցուցահանդեսին մասնակցում են 115 միջազգային եւ տեղական ընկերություններ, ինչը 70 %-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: