17:19 | 14.09.11 | Նորություններ | 2610

Facebook-ը ներկայացրել է օգտատերերի տվյալներով «Խելացի ցուցակներ»

Երեւան/Մեդիամաքս/.Facebook-ն օգտատերերին Google+ ցանցի նմանվող՝ կոնտակտների կազմակերպման նոր տարբերակ է ներկայացրել:

Smart Lists նոր համակարգը ավտոմատ կերպով թույլ է տալիս ընկերների խմբեր ստեղծել այնպես, որ օգտագործողն ինքը ստիպված չլինի զբաղվել կոնտակտների կազմակերպմամբ: Նոր ֆունկցիան սոցցանցի օգտագործողներին թույլ է տալիս գործընկերների, համադասարանցիների կամ հարեւանների ցուցակներ ստեղծել:  

Ինչպես գրում է CyberSecurity.ru-ն, նոր համակարգը բավականին պարզ է աշխատում: Օրինակ, իր էջում օգտագործողն այս կամ այն համալսարանն է նշել, համակարգն ինքն է զբաղվում իր ընկերների էջերի սքանավորմամբ եւ նույն համալսարանի առկայության դեպքում ստեղծվում է խումբ, որի շրջանակներում օգտագործողները կարող են տվյալներ, ֆայլեր, կոնտակտներ եւ այլ տեղեկատվություն փոխանակել:

Միաժամանակ Facebook-ում նշում են, որ եթե օգտատիրոջը դուր չի գալիս ավտոմատ աշխատանքի որակը, նա կարող է ինքնուրույն կարգավորել ցուցակները:  

Facebook-ը եւս մեկ նորույթ էլ է ներկայացրել` Close Friends and Acquaintances Lists (Մտերիմ ընկերների եւ ծանոթների ցուցակներ): Այստեղ օգտատերը կարող է ներգրավել իր մտերիմ ընկերներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր ուղղակի իր ծանոթներն են հանդիսանում: Առաջինների հաղորդագրությունները առաջնային են:   

Facebook-ի եւս մեկ նորույթն այն է, որ այժմ նոր ցուցակները կարող են սեփական նորությունների ցանկերն ունենալ, եւ օգտատերն ինքը կարող է ընտրել, երբ եւ որ խմբից նա պետք է հաղորդագրություններ ստանա: