13:07 | 17.08.11 | Նորություններ | 1066

Orange-ը Շիրակի բնակչության համար ապահովում է անվճար ակնային զննումներ եւ բուժում

Երեւան/Մեդիամաքս/.Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մեկնարկել է Orange հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:


Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են Orange Armenia-ի մամլո ծառայությունում, օգոստոսի 16-ից սկսած ՀԱՆ ակնաբուժական խմբերը կայցելեն Շիրակի մարզի երկու քաղաքային եւ 44 գյուղական  համայնքներ. օգոստոսի 16-ից 20-ը`Անիի շրջան, օգոստոսի 22-ից  31-ը`Արթիկի շրջան, սեպտեմբերի 1-ից 14-ը` Ախուրյանի շրջան, սեպտեմբերի-14-ին  եւ 15-ին` Աշոցք եւ Ամասիա: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի սեպտեմբերի 6-ից 10-ը`Մարալիկում, սեպտեմբերի 12-ից 17-ը` Արթիկում  եւ սեպտեմբերի 19-ից 30-ը` Ախուրյանում:

Ծրագրի շրջանակում երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում ակնային զննումների հետ զուգահեռ կանցկացվեն նաեւ ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:

«Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Ակնաբուժությունը նոր ոլորտ է Orange հիմնադրամի համար Հայաստանում, ու մենք ակնկալում ենք, որ այս ծրագրի հաջողության դեպքում մեր համագործակցությունը շարունակական կդառնա: Բոլորին կոչ ենք անում այցելել եւ ստուգել տեսողությունը», - ասել է Orange հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

«Օrange Հիմնադրամի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել շուրջ 3,000 մեծահասակների եւ 1,200 երեխաների ակնային զննումներ, կատարել մոտ 250 վիրահատություն եւ լազերային բուժումներ, ինչպես նաեւ տրամադրել շուրջ 1,200 ակնոց», - ասել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել է 9 մլն դրամ:

Լրացուցիչ տեղեկությունների համար Շիրակի մարզի բնակիչները պետք է հետեւեն իրենց համայնքներում փակցված հայտարարություններին եւ տեղի ԶԼՄ-ների հաղորդումներին, ինչպես նաեւ դիմեն տեղի բուժկետ կամ մարզպետարանի առողջապահության բաժին: Աշխատանքների եւ այցերի ստույգ ժամանակացույցը կարելի է գտնել www.eyecareproject-armenia.com կայքում: