16:21 | 03.08.11 | Նորություններ | 3660

Orange-ը շարունակում է աջակցել աուտիզմով հիվանդ երեխաներին

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ի եւ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջեւ ռազմավարական համագործակցության շրջանակներում ԱրԲեՍ Ցերեկային բուժման կենտրոնի եւ վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող երեխաներն այս տարի ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:

Ծրագրի շրջանակներում կենտրոնի 7-ից 14 տարեկան երեխաների համար կազմակերպվում է 2-շաբաթյա հանգիստ առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները վայելում են բազմաթիվ խաղերով, միջոցառումներով եւ հետաքրքիր առօրյայով լեցուն ամառային հանգիստ:

Ամառային առողջարանային ճամբարը Orange-ի կողմից արդեն երկրորդ տարին ֆինանսավորվող ծրագրի մի մասն է միայն, իսկ ամբողջ ծրագիրը շատ ավելի ընդարձակ է եւ ներառում է մի քանի նախագիծ` Երեւանում` մեկ եւ մարզերում:

«20 տարուց ի վեր իր գործունեության բոլոր երկրներում Orange-ն աուտիզմով հիվանդ երեխաների մասին հոգածությունը սահմանում է որպես իր մարդասիրական ծրագրերի հիմնական ուղղություններից մեկը, որոնք կյանքի է կոչում ընկերության բարեգործական ծրագրերի կամ Orange Հիմնադրամի միջոցով: Աուտիզմը այնպիսի հիվանդություն է, որն ազդում է մարդու հաղորդակցային հնարավորությունների վրա: Մեր ընկերության կոչումն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջեւ, այդ է պատճառը, որ մենք մեր աջակցությունն ենք բերում այն երեխաներին, որոնք ունեն հաղորդակցային խնդիրներ», - ասել Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

2011թ. ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է ընդհանուր առմամբ 24.4 մլն դրամ, որն ուղղվել է ինչպես դասընթացների եւ գույքի, այնպես էլ ամառային ճամբարի կազմակերպմանը, Երեւանում ու մարզերում աուտիզմով երեխաների զարգացման եւ առողջության վերականգնման կենտրոններն անհրաժեշտ հատուկ սարքավորումներով եւ խաղերով համալրելուն: