09:47 | 11.07.11 | Նորություններ | 4001

Softline-ը Հայաստանում առաջարկում է «ամպային» ծառայություններ

Երեւան/Մեդիամաքս/. Softline ընկերության հայաստանյան գրասենյակը բանակցություններ է վարում է Հայաստանում «ամպային» սերվերի տեղակայման մասին:

Այս մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է Softline-ի հայաստանյան գրասենյակի ActiveCloud ստորաբաժանման ղեկավար Գնել Մանուկյանը:

2010-ին ծրագրային ապահովման ռուսական խոշոր ռիթեյլեր Softline ընկերությունը ձեռք բերեց բելառուսական Active ընկերությանը, որը զբաղվում է «ամպային» (cloud) եւ վեբհոսթինգային ծառայությունների տրամադրմամբ: Գործարքի արդյունքում Softline-ն իր ներկայության բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում, սկսել է առաջարկել նաեւ վերոհիշյալ երկու ծառայությունները, որոնցից ամպային լուծումները նորություն են հայկական շուկայի համար:  

Գնել Մանուկյանն ասել է Մեդիամաքս-ին, որ ծառայությունները մատուցվում են Parallels կարգավորվող հարթակի հիման վրա՝ Հոլանդիայում եւ Մոսկվայում տեղակայված սերվերներով:

Խոսելով «ամպային» ծառայությունների մասին, Գնել Մանուկյանը տեղեկացրեց, որ դրանք ենթադրում են  հեռացված աշխատանքային եւ փոստային միջավայր, ինչպես նաեւ հաշվողական հզորությունների վարձույթ:

«Այս ծառայությունից օգտվողներին արդեն պետք չեն գալու համակարգիչներ: Բավական է լինելու ունենալ մոնիթոր, որին կցվելու է մի փոքր սարք (client): Վերջինիս կմիանա մկնիկն ու ստեղնաշարը, ինչպես նաեւ ինտերնետ-կապն ապահովող միջոցը: Միանալով ինտերնետին՝ դուք կունենաք ձեր աշխատանքային սեղանը՝ իր անհրաժեշտ ծրագրերով, որոնց թվում են Word-ը, Excel-ը, Outlook-ը եւ այլն», - ասել է Գնել Մանուկյանը:

Նրա գնահատմամբ, նման ծառայությունը թույլ կտա ընկերություններին եւ անհատներին նվազեցնել տեխնիկայի ձեռքբերման ծախսերը շուրջ 50%-ով:

«Ամպային հոսթինգն իր հերթին թույլ է տալիս ապահովել ծառայության առավելագույն ճկունությունը՝ ավելացնել սերվերային համակարգչի հզորությունը եւ հոսթինգային տարածքը այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է եւ վճարել հավելյալ գումար միայն տվյալ պահի համար»,  - ասել է Գնել Մանուկյանը: