10:28 | 08.07.11 | Նորություններ | 4013

    ABBYY ընկերության փոխնախագահը հուլիսի 13-ին Երեւանում կանցկացնի վարպետության դաս

    Երեւան: Մեդիամաքս: ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը հուլիսի 13-ին Երեւանում կանցկացնի վարպետության դաս` “Սեփական ՏՏ-բիզնես.
    ինչո՞վ զբաղվել եւ ինչպե՞ս դա իրականացնել” թեմայով:

    Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին “Այբ” կրթական հիմնադրամում, որի համահիմնադիրներից է Արամ Փախչանյանը, վարպետության դասին մասնակցելու համար պետք է գրանցվել` էլ. նամակ ուղարկելով ayb@ayb.am հասցեով մինչեւ հուլիսի 12-ը, ժամը 18:00-ն:

    Վարպետության դասը կկայանա հուլիսի 13-ին, ժամը 13:00-14:30` ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) 17-րդ մասնաշենքի դահլիճում:

    Արամ Փախչանյանը կներկայացնի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացման համաշխարհային միտումները, կխոսի այն մասին, թե ինչպե՞ս իրականացնել հնարավորությունները առկա իրողությունների պայմաններում:

    ABBYY ընկերությունը հայտնի է իր FineReader եւ Lingvo ծրագրերով: Արամ Փախչանյանը կանգնած է եղել ընկերության ակունքներում, ակտիվորեն մասնակցել է բիզնեսի կայացման եւ զարգացման, միջազգային շուկաներ դուրս գալու գործում: Այսօր ABBYY-ն ունի 1000-ից ավելի աշխատակիցներ եւ գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում` ներառյալ Ճապոնիան, Չինաստանը, Բրազիլիան, Ավստրալիան եւ ԱՄՆ: