11:42 | 30.06.11 | Նորություններ | 2114

Ericsson-ը ավելացնում է LTE-Advanced-ի արագությունը մինչեւ 1 Գբտ/վ

Երեւան/Մեդիամաքս/. Ողջ աշխարհում բջջային կապի օպերատորներն անցել են չորրորդ սերնդի ցանցերի աստիճանական ներդրմանը, որոնք ապահովում են տվյալների փոխանցման մեծ արագություն:

Անցյալ տարվա դեկտեմբերին “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը Երեւանում գործարկեց Ericsson-ի լուծումների վրա հիմնված թեստային 4G ցանցը:

3Dnews.ru-ն այսօր գրում է, որ Ericsson-ը ակտիվ կերպով կատարելագործում է LTE-Advanced ստանդարտը, եւ ընկերության մասնագետները կարողացել են մուտքային ալիքում գրեթե 1 Գբտ/վ արագության հասնել: Այս ցուցանիշը 10 անգամ գերազանցում է  LTE առեւտրային ցանցի հնարավորությունները, որը տվյալ պահին օգտագործվում է Շվեդիայում: Մասնագետները ոչ միայն ավելացրել են ցանցի աշխատանքի արագությունը, այլեւ բարելավել են դրա ճարտարագիտությունը, ինչի շնորհիվ ցանցը ապահովում է միաժամանակյա մի քանի միացումներ եւ բարձր մակարդակի վրա է պահում տվյալների փոխանակման արագությունը անգամ ծանրաբեռնված ցանցի դեպքում: 

Ericsson-ը ենթադրում է, որ LTE-Advanced ստանդարտի ներդրումը կարող է սկսվել 2013-ին: