09:49 | 29.06.11 | Նորություններ | 2006

Աշխարհում օրական ակտիվանում են Android–ի կառավարմամբ ավելի քան 500 000 սարքեր

Երեւան/Մեդիամաքս/. Ամեն շաբաթ Android-ի հիման վրա աշխատող սարքերի վաճառքը աճում է 4,4%-ով:

«Վեդոմոստի» թերթը հայտնում է, որ այս մասին իր Twitter-ում գրել է Google-ում տվյալ օպերացիոն համակարգի խնամակալ Էնդի Ռուբինը: Նա նշել է նաեւ, որ աշխարհում ամեն օր ակտիվացվում են Android-ի կառավարմամբ աշխատող ավելի քան 500 000 սարքեր: Նա չի ճշտել, թե այդ վաճառքներից որքան է բաժին ընկնում սմարթֆոններին եւ որքան՝ պլանշետներին:

2010 թ-ի դեկտեմբերին ցուցանիշները համեստ էին` օրեկան ակտիվացվում էին Android-ի կառավարմամբ աշխատող ավելի քան 300 000 սարքեր: Եթե աճի միտումները հետագայում եւս պահպանվեն, ապա 2011 թ-ի վերջին օրեկան կակտիվացվի այս օպերացիոն համակարգի մինչեւ 1 մլն սարք:

2011-ի առաջին եռամսյակում Androidի կառավարմամբ աշխատող սմարթֆոնները դարձել են վաճառքի առաջատարը՝ երկրորդ տեղը զիջելով Symbian համակարգի հիման վրա աշխատող եւ երրորդը` iOS Apple պլատֆորմով սարքերին:

Android  սմարթֆոնները իրենց ճանաչողությամբ գերազանցել են Apple iPhone-ը հիմնականում այն պատճառով, որ դրանք արտադրվում են միանգամից մի քանի արտադրողների կողմից` Samsung-ի, HTC-ի, Motorola Mobility-ի: