13:29 | 18.06.11 | Նորություններ | 5635

Ներկայացվել է “Սասունցի Դավիթ” պատմական համակարգչային խաղի սցենարը

Երեւան: Մեդիամաքս: Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր խանութի սրահում (Հյուսիսային պողոտա)  այսօր ընթանում է 20 համակարգչային խաղերի ցուցադրությունը, որոնք ներառվել են համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի առաջին բաց առաջնության եզրափակիչ փուլում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, եզրափակիչ են հասել ինչպես պատրաստի խաղեր, այնպես էլ խաղերի նախագծեր՝ կերպարներով եւ սցենարներով:

X-TECH ընկերությունը եզրափակչին ներկայացրել է արդեն վաճառքում գտնվող ուսումնական եւ զարգացնող “Կարգին խաղերը” (5 խաղ): Ուսումնական խաղով է հանդես գալիս նաեւ “Քարերի Երկիր” թիմը, որի կողմից ստեղծված խաղը կրթում են պատմական եւ ներկայիս Հայաստանի աշխարհագրության մասին:

Եզրափակչի մասնակից ուսանող Հարություն Ամիրխանյանը, օգտագործելով առկա ծրագրային հարթակները, պատրաստել է ֆուտբոլային սիմուլյատոր “Mega Arm Pes”-ը, որտեղ ներառվել են Հայաստանի առաջնության թիմերը: Խաղը կարելի է անվճար բեռնել www.armpes.com կայքից:

Առաջնությունում ներկայացված է նաեւ Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար նախագծված «Վասպուրիկ» խաղը, որը հանրահայտ Մարիո խաղի վարիացիան է:

Առաջնության մասնակիցներից Ռուզաննա Ասրյանը, ով Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է, ներկայացնում է “Սասունցի Դավիթ” պատմական արկածային խաղի սցենարը եւ կերպարներին: Ռուզաննա Ասրյանը նշում է, որ առաջնությանը մասնակցելով, փորձում է հովանավոր գտնել խաղը ստեղծելու համար:

Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը տեղի կունենա ժամը 18:00-ին:

Առաջնության մրցանակային ֆոնդը կկազմի 1.3 մլն դրամ, որից 300 հազ. դրամը կտրվի լավագույնը ճանաչված խաղի հեղինակներին, իսկ մնացածը կբաշխվի հետեւյալ 6 անվանակարգերում հաղթողների միջեւ. լավագույն սցենար, կերպար, դիզայն, անիմացիա, նորարարություն եւ լավագույն խաղ բջջային հեռախոսների եւ այլ շարժական սարքերի համար: