12:31 | 03.06.11 | Նորություններ | 3687

ԱրմենՏելը կօժանդակի կրթության եւ գիտության նախարարության կրթական ծրագրերին

Երեւան: Մեդիամաքս: ԱրմենՏելը կօժանդակի կրթության եւ գիտության նախարարության կողմից իրականացվող մի շարք կրթական ծրագրերին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում համապատասխան հուշագիր են ստորագրել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Արմեն Աշոտյանի խոսքերով, համագործակցության շրջանակներում ԱրմենՏելը 2011-12թթ. ընթացքում համակարգիչներ եւ բարձրորակ ինտերնետ-կատ կտրամադրի մարզային 10 դպրոցներին, ինչպես նաեւ կապահովի մասնագիտական օնլայն գրադարանների հասանելիություն Հայաստանի միջին մասնագիտական հաստատություններում:

Նախարարը նշեց նաեւ, որ ԱրմենՏելը կստանձնի Հայաստանի անկախության 20-ամյակին եւ հայկական պետականության 5000-ամյակին նվիրված մանկապատանեկան նկարչական երկրորդ մրցույթի-փառատոնի հովանավորությունը: Բացի այդ, նախարարությունն ընկերության հետ համատեղ կկազմակերպի մրցույթ կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր իրականացնող պետական քոլեջների միջեւ, որի հաղթողները կընդգրկվեն ԱրմենՏելի անձնակազմի վերապատրաստման աշխատանքներում:

ԱրմենՏելի տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ ընկերությունն արդեն մի քանի տարի աջակցում է Հայաստանի կրթական համակարգին եւ շուրջ 60 դպրոցներում բացել է լայնաշերտ ինտերնետով ապահովված համակարգչային դասասենյակներ: