12:38 | 23.05.11 | Նորություններ | 2938

“Ֆայբերնեթը” չի կարծում, որ ընկերության մալուխը վնասվել է մրցակցի պատվերով

Երեւան: Մեդիամաքս: Այսօր «Ֆայբերնեթ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ մայիսի 20-ին միջազգային կապուղիների խափանման պատճառը ընկերության մալուխները կտրած չարամիտների գործողության հետեւանք է:
 
 «Ֆայբերնեթի» եւ «Հարավկովկասյան երկաթուղային գծեր» ՓԲԸ-ի աշխատակիցների օպերատիվ եւ համաձայնեցված գործողությունների շնորհիվ մալուխի վնասված հատվածը կարճ ժամանակում վերականգնվել է: «ՀԿԵԳ»-ի աշխատակիցները ակտ են կազմել, անց է կացվում հետաքննություն: Հուսով ենք, հետաքննության ավարտից հետո «ՀԿԵԳ»-ի ներկայացուցիչները կկարողանան մանրամասն տեղեկություններ ներկայացնել միջադեպի կապակցությամբ»,- ասվում է «Ֆայբերնեթ»-ի հայտարարության մեջ:

«Հակառակ տարածված կարծիքին, մենք հակված չենք մտածելու, որ միջադեպը մրցակիցների ձեռքի գործն է: Ուզում ենք նշել, որ, չնայած շուկայում բավականին լուրջ մրցակցության, մեզ հաջողվում է առողջ փոխհարաբերությունների մթնոլորտ պահպանել մրցակիցների հետ: Մասնավորապես, «Ֆայբերնեթը» ակտիվ բանակցություններ է վարել մրցակից ընկերությունների հետ եւ ստացել առեւտրային հստակ առաջարկներ, որոնք հնարավորություն են տալիս վարձելու պահեստային կապուղիներ Հայաստանի տարածքում` ապագայում նման իրավիճակներից խուսափելու համար: Ցանկանում ենք նաեւ նշել, որ վերջերս մեր ընկերությունը մի շարք քայլեր է ձեռնարկել Հայաստանից դուրս գտնվող կապուղիների պահեստավորման ուղղությամբ, որի մանրամասները մենք կհայտնենք մոտ ապագայում»,- նշված է հայտարարության մեջ: