13:09 | 20.05.11 | Նորություններ | 3920

Արտասահմանյան ինտերնետ-վճարումների ընդունման անհնարինությունը մնում է էլ. առեւտրի զարգացման հիմնական խնդիրը

Երեւան: Մեդիամաքս: Էլեկտրոնային առեւտրի զարգացման խնդիրներն այսօր Երեւանում քննարկվում են ՏՏ-հատվածի, ՀՀ Կենտրոնական բանկի, Պետեկամուտների կոմիտեի, վճարահաշվարկային կազմակերպությունների եւ շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ:
 
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Overall Solutions (որը մշակել է Հայաստանում հյուրանոցների առցանց ամրագրման համակարգը) ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանն ասել է, որ Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման ճանապարհին հիմնական չլուծված խնդիրներն են ներքին լուծումների միջոցով արտասահմանյան ինտերնետային վճարումների ուղղակի ընդունման անհնարինությունը եւ ոլորտի իրավական կարգավորման անբավարար մակարդակը: 

«Արտասահմանյան ինտերնետ-վճարումների ընդունման արտոնագրեր ձեռք բերելու համար բանկերը ՏՏ-ընկերություններից պահանջում են այդ բիզնեսի շահութաբերության գնահատում, ինչը, կարծում եմ, իմաստ չունի, եթե հաշվի առնենք աշխարհում էլեկտրոնային առեւտրի զարգացման տեմպը»,- ասել է Դավիթ Քոթանյանը: Նա նկատել է, որ բիզնեսի այդ տեսակի զարգացման ճանապարհին արհեստական դժվարությունների առկայության պայմաններում Հայաստանը ռիսկի է դիմում այդ ոլորտում ետ մնալ իր հարեւաններից եւ ԱՊՀ մյուս երկրներից: