10:00 | 22.04.11 | Նորություններ | 4862

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին ծանոթացրեց HSPA+ եւ 4G տեխնոլոգիաներին

Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 19-ից 21-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ը նեղ մասնագիտացմամբ դասընթաց էր կազմակերպվել հայաստանյան բուհերի տեխնիկական ֆակուլտետների 54 ուսանողի համար:

Ռադիոյի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետների երրորդ եւ ավելի բարձր կուրսերի ուսանողները մասնակցեցին տեխնիկական դպրոցի դասընթացներին:
 
Դասընթացին ուսանողներին ներկայացվեցին հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հիմունքները` անլար ցանցերի արագ եւ դինամիկ զարգացող ճյուղի օրինակով:

Ուսանողներին ներկայացվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ում կիրառվող տեխնոլոգիաները, այդ թվում` GSM, GPRS/EDGE, WCDMA/UMTS, HSPA+, 4G/LTE:

Մասնավորապես, ուսանողներն ավելի խորությամբ ծանոթացան HSDPA (High Speed Downlink Packet Access) եւ HSUPA (High Speed Uplink Packet Access), ինչպես նաեւ HSPA+ եւ 4G տեխնոլոգիաներին:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան մասնագետները նաեւ ներկայացրեցին շարժական հեռահաղորդակցության համակարգի հիմնական տարրերին, ինչպիսիք են ռադիո հասանելիության ցանցը (Radio Access Network) եւ ցանցերի փոխկապակցման ենթահամակարգը (Network Switching Subsystem): Բացի այդ, ուսանողները նաեւ ծանոթացան տեղանքի տեղակայման եւ կայանների շահագործման տեխնիկային եւ  գործիքներին:
 
Դասընթացի վերջին օրը դպրոցի ունկնդիրներն այցելեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բազային կայաններից մեկը:
 
«Մենք հավատացած ենք,  որ մեր երիտասարդությունն ունի հսկայական չիրացված ներուժ եւ մենք պատրաստ ենք օգնել նրանց` հնարավորություն ընձեռելով մեր ընկերությունում ստանալ գործնական գիտելիքներ», -  ասաց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: