16:20 | 21.03.11 | Նորություններ | 3558

Բարելավվել է տեղեկատվական անվտանգության մակարդակը, կարծում է Ա. Բաղդասարյանը

Երեւան, Մեդիամաքս: 2010 թվականին Հայաստանում էականորեն բարելավվել է տեղեկատվական անվտանգության մակարդակը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, սա արձանագրվել այսօր կայացած տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

«Նշվել է, որ այս ոլորտում լիազոր մարմին ճանաչված Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) չեզոքացրել է 2010 թվականին պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի վրա կատարված հարձակումները, որոնք շատ տարածված էին 2008-2009 թվականներին: Նիստում որոշվել է առաջարկել լիազոր մարմնին` ընդլայնել ԱԱԾ վերահսկման տակ գտնվող պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի ցանկը` ներառելով նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մի քանի այլ պաշտոնական կայքեր», - հայտնեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ 2010 թվականին էականորեն բարելավվել է բազմաշերտ ինտերնետի տարածվածության մակարդակը Երեւանում եւ մարզերում.

“Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին երկու տարվա ընթացքում բազմաշերտ ինտերնետի մեծածախ գինը նվազել է շուրջ 6 անգամ, եւ կարծում եմ` դեռ կան թե' գների նվազեցման, թե' շուկայի ազատականացման ուղղությամբ հետագա քայլերի իրականացման ռեսուրսներ, ինչը հնարավորություն կտա հանրապետության ողջ տարածքում ապահովել որակյալ ինտերնետ ծառայություններ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էականորեն բարելավվել է նաեւ ցանցային պատրաստվածության աստիճանը, այսօր շուկայում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք բավական որակյալ ծառայություններ են մատուցում, ինչը վկայում է, որ ոլորտում մրցակցության զարգացումը հնարավորություն է տալիս ե'ւ որակը բարձրացնել, ե'ւ գները նվազեցնել”, - ասել է Արթուր Բաղդասարյանը: