13:38 | 15.03.11 | Նորություններ | 3271

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը դասախոսեց Բեյրութի երկու համալսարաններում

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Բեյրութի Հայկազյան համալսարանում եւ Գիտության եւ տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանում:

Ինտերակտիվ քննարկման հիմնական թեմաները դարձան գործարար մշակույթը, արտադրողականության`ՎիվաՍել-ՄՏՍ-ում կիրառվող մոդելը, ինչպես նաեւ այն ուղիները, որոնք թույլ են տալիս մասնագիտական պրակտիկա անցնողներին եւ կամավորներին Հայաստան այցելելու եւ հայաստանյան կյանքին ավելի ակտիվ ներգրավվելու միջոցով պահպանել ազգային ինքնությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Գիտության եւ տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը բիզնեսի եւ կրթօջախի միջեւ համագործակցության հարթակ ստեղծելն է:

Ռալֆ Յիրիկյանն իր խոսքում ասաց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հաջողություններ արձանագրելով, նպաստում է երկրի տնտեսական զարգացմանը` առավել նպատակային օգտագործելով ամենաթանկ ռեսուրսը` իր աշխատակիցներին:

Նա նշեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջին եւ շարժական կապի միակ օպերատորն է, որը (անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին) Երեւանում կոմերցիոն-փորձնական հիմունքներով գործարկեց 4G/LTE ցանցը: Ս.թ. մարտի 2-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջին անգամ Հայաստանում գործարկեց HSPA+ ցանցը, որն ապահովում է ներբեռնման մինչեւ 21.6 Մբիթ/վրկ արագություն:

«Հայաստանի ամենաարժեքավոր ռեսուրսը մարդիկ են: Աշխարհով մեկ սփռված հայերը պետք է հնարավորություն ստանան կիրառելու իրենց շնորքը մասնագիտական միջավայրում` համատեղ ուժերով նպաստելով երկրի բարօրությանը: Հայաստանյան ընկերություններից մեկը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տարբեր երկրներում բնակվող հայ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ներգրավվելու ընկերության իրական աշխատանքային միջավայրում եւ դառնալու պրոֆեսիոնալ”, - ասել է Ռալֆ Յիրիկյանը: