13:30 | 16.02.11 | Նորություններ | 3299

МТС-ը շուկա է հանում «iPhone 4-ի սպանողին»

Երեւան/Մեդիամաքս/. МТС բջջային օպերատորը ապրիլին սկսում է Glonass 945 սմարթֆոնի վաճառքը, որը ԱՖԿ «Սիստեմա»-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում համեմատել է iPhone 4-ի հետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով «Կոմերսանտ» թերթը, МТС Glonass 945-ը ունենալու է 2 նավիգացիոն համակարգ` ԳԼՈՆԱՍ եւ GPS: МТС-ում պնդում են, որ սարքի հիմնական առավելությունն այն է, որ միաժամանակ երկու նավիգացիոն համակարգ պարունակելու շնորհիվ ապահովվում է բաժանորդի առավել ստույգ դիրքավորումը:

Սարքի արժեքը լինելու է շուրջ 11 հազար ՌԴ ռուբլի:

«Եվրոսետ»-ի նախագահ Ալեքսանդր Մալիսը ենթադրում է, որ այդ գնով սարքի հեռանկարը լավատեսական չէ. «Քչերն են պատրաստվում վճարել միայն ԳԼՈՆԱՍ գործառույթի համար, քանի որ հեռախոսների կեսում կա GPS նավիգատոր: Եվ խոսքը ամենեւին դիրքավորման տարբեր ճշգրտությունների մասին չէ, GPS-ով մարդիկ քայլում են փողոցում եւ չեն կորում»,- ասել է նա: Մալիսի խոսքերով, որպեսզի հեռախոսը դուր գա, հսկայական մարքեթինգային աջակցություն է անհրաժեշտ: