Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը
10:25 | 15.02.11 | Նորություններ | 4050
Երեւան/Մեդիամաքս/. Ամեն տարի Ադրբեջանը պետբյուջեից IT-հատվածի զարգացմանը հատկացնում է $50-60 մլն:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը ասել է «РБК daily» թերթի հետ հարցազրույցում:
Նա նշել է, որ վերջին 7 տարիներին Ադրբեջանի տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ծավալն աճել է 5 անգամ եւ ներկայումս կազմում է շուրջ $1.5 մլրդ, կամ երկրի ՀՆԱ-ի 3.5%-ը:
«Պետբյուջեից ուղղակի ներդրումները տարեկան կազմում են շուրջ $50-60 մլն: Ընդհանուր առմամբ ոլորտում ներդրումների միջին տարեկան ծավալը կազմում է շուրջ $300 մլն, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում այնտեղ ներդրվել է ավելի քան $1.5 մլրդ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով, «մեր հիմնական խնդիրն է, որպեսզի 2020-2025թթ. ՏՀՏ-ից ստացվող եկամուտը հասնի նավթի արտահանումից ստացվող եկամտի ծավալին, իսկ հետագայում նաեւ գերազանցի այն»:
«Մենք ունենք «Վիրտուալ գոտի» նախագիծ, այսպես կոչված, տարածաշրջանային նորարարական գոտի: Ադրբեջանը փոքր երկիր է, մենք կարծում ենք, որ կարելի է երկիրը դարձնել «մակրոտեխնոպարկ»: Արտոնությունները կարող են լինել ոչ թե տարածքների, այլ IT-գործունեության որոշակի տեսակների համար: Հարկային, մաքսային արտոնությունները, էժան վարկերը, անհրաժեշտ ամբողջ ենթակառուցվածքը` այդ բոլոր միջոցառումները պետք է հեշտացնեն ՏՀՏ ոլորտում բիզնես վարելը: Մեր նպատակը Ադրբեջանի արտահանման ներուժն ընդլայնելն է: Անհրաժեշտ է կարողանալ ներգրավել օտարերկրյա ընկերություններ, որպեսզի դրանք մեզ մոտ հիմնեն տարածաշրջանային գրասենյակներ ու ներկայացուցչություններ, արտադրության կենտրոններ, որոնք կսպասարկեն ողջ Կովկասյան, Մերձկասպյան տարածաշրջանը: Hewlett-Packard, Microsoft, Intel, Ericsson, Siemens, Alcatel. այս բոլոր ընկերություններն արդեն աշխատում են այստեղ: Եվ շատերն էլ անհամբերությամբ սպասում են արտոնություններին: Հիմա մենք նրանց համար հարմարավետ միջավայր ենք ստեղծում»,- ասել է Ալի Աբասովը: