12:26 | 10.01.11 | Նորություններ | 3277

Մեդիամաքսի ինտերնետ-պորտալները հաղթել են e-Content 2010 մրցույթում

Երեւան/Մեդիամաքս/. Մեդիամաքս ընկերության ինտերնետ-պորտալները` www.Auto.am-ը եւ www.Bravo.am-ը հաղթել են Էլեկտրոնային բովանդակության 5-րդ համահայկական e-Content 2010 մրցույթում:

Մրցույթի արդյունքները հրապարակվել են Երեւանում 2010 թվականի դեկտեմբերի 30-ին:

Մեդիամաքսը ընդհանուր առմամբ ստացել է 4 մրցանակ.

- www.Bravo.am պորտալը արժանացել է e-Content 2010-ի գլխավոր մրցանակի, ինչպես նաեւ լավագույնն է ճանաչվել “Էլեկտրոնային ժամանց” անվանակարգում;

- www.Auto.am պորտալը ստացել է e-Content 2010-ի առաջին մրցանակը եւ լավագույնն է ճանաչվել “Էլեկտրոնային բիզնես” անվանակարգում:

“Ինտերնետ-նախագծերի զարգացումը Մեդիամաքս-ի գործունեության առաջնային ուղղություններից մեկն է: Այն փաստը, որ Մեդիամաքս-ի միանգամից երկու նախագծեր արժանացել են բարձր մրցանակների, լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի ինտերնետ-շուկայում մեր դիրքերի հետագա ամրապնդման համար”, - ասել է Մեդիամաքս ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:

2006 թվականին e-Content-ի գլխավոր մրցանակի էր արժանացել Մեդիամաքս-ի մեկ այլ նախագիծ` www.banks.am պորտալը: