15:53 | 15.12.10 | Նորություններ | 4736

Beeline-ը գործարկել է «Օնլայն Խորհրդատու» ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) գործարկել է «Օնլայն Խորհրդատու» ծառայությունը:

Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին օնլայն երկխոսության` «չատի» միջոցով ստանալ լիարժեք տեղեկատվություն «ԱրմենՏել» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ողջ տեսականու մասին: Հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ կարելի է ընկերության մասնագետների կողմից ստանալ օպերատիվ խորհրդատվություն, ներառում է տեխնիկական բնույթի, ծառայությունների, սակագների, ակցիաների, առկա պարտքերի վերաբերյալ տեղեկատվություն եւ այլն: Ծառայությունն անվճար է, դրանից կարելի է օգտվել www.beeline.am կայքի միջոցով: 

««Օնլայն Խորհրդատու» ծառայությունը նորարարություն է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում: Նշված ծրագրի հաջողությունը հնարավորություն կտա տարածել դրական փորձն այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը: Ներդնելով «օնլայն» սպասարկումն ի լրումն գործող հեռախոսային սպասարկման` ընկերությունը դառնում է միասնական օպերատոր ոչ միայն կապի, այլեւ Հայաստանում հաճախորդների սպասարկման ոլորտում», - նշել է «ԱրմենՏել» ընկերության հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը:

«Օնլայն Խորհրդատու» ծառայության պատուհանում ներկայացված է թեմաների ծառը, ինչպես նաեւ այցելուների ընդհանուր քանակը: Օպերատորը կարող է ուղղորդել այցելուի հարցը մեկ այլ օպերատորի` կախված քննարկման թեմայից: Սովորական տեքստային հաղորդագրությունից բացի, օպերատորը կարող է այցելուին ուղարկել հղում, որին սեղմելիս հաճախորդը կարող է գտնել իրեն հետաքրքրող հարցի պատասխանը: Հաճախորդը նաեւ հնարավորություն ունի պահել օպերատորի հետ երկխոսության պատմությունը` անհրաժեշտության դեպքում կրկին վերանայելու համար: