15:51 | 02.11.10 | Նորություններ | 3862

    Մեկնարկում է ինտերնետ-ռեսուրսների Armnet Awards մրցույթը

    Երեւան/Մեդիամաքս/. SP Marketing Solutions ընկերությունը, Orange Armenia բջջային օպերատորը եւ Circle.am հայաստանյան վեբ-ռեսուրսների վարկանիշային համակարգը այսօր հայտարարել են ՀՀ ինտերնետային կայքէջերի Armnet Awards մրցույթի մեկնարկի մասին:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, SP Marketing Solutions-ի տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանն այսօր ասել է, որ Armnet Awards-ը կոչված է գնահատել հայաստանյան ինտերնետի առաջընթացն ու նպաստել դրա հետագա զարգացմանը, ինչպես նաեւ պարգեւատրել ՀՀ լավագույն կայքերին:

    Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ ընկերությունը հիմնադրման օրվանից նպատակ է ունեցել բարձրացնել ինտերնետի մատչելիությունը Հայաստանում եւ, հետեւաբար, պատասխանատվություն է զգում հայաստանյան վեբ-ռեսուրսների զարգացման համար: 

    Մրցույթի հաղթողները կորոշվեն 2 փուլերի արդյունքում. ինտերնետ-քվեարկություն www.armnetawards.am կայքում (նոյեմբերի 10-ից 30-ը) եւ լավագույն ռեսուրսների ընտրություն միջազգային ժյուրիի կողմից, որի կազմում կընդգրկվեն այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Microsoft-ը, RuTube-ը, Vkontakte.ru-ն եւ Opera Software-ը:
     
    Մրցույթը կընթանա 8 անվանակարգերով.

    - դիզայն եւ հարմարավետություն;
    - նորարարություններ;
    - տեխնիկական կատարում;
    - բովանդակություն;
    - տարվա առաջընթաց;
    - գլխավոր մրցանակ (այն կայքը, որը կստանա ամենաշատ ձայները բոլոր անվանակարգերում);
    - ժողովրդական ընտրություն (այն կայքը, որը կստանա ամենաշատ ձայները ինտերնետային քվեարկության արդյունքներով);
    - Orange-ի հատուկ մրցանակը լավագույն WAP-ռեսուրսին:

    Մրցույթի մասնակցության նախապայմանն է կայքի ուղղվածությունը ՀՀ բնակչությանն ու սփյուռքին, հայաստանյան ընկերության կողմից դրա մշակված լինելը: Բացի դրանից, կայքը պետք է ստեղծված կամ լուրջ փոփոխությունների ենթարկված լինի վերջին 2 տարիների ընթացքում: Մրցույթին մասնակցելու համար վեբ-ռեսուրսների սեփականատերերը պետք է գրանցվեն  www.armnetawards.am կայքում:

    Մրցանակաբաշխությանը կնախորդի «Աութսորսինգից մինչեւ նորարարություններ» միջազգային համաժողովը, որը կանցկացվի Երեւանում դեկտեմբերի 3-4-ը: Համաժողովի ընթացքում կներկայացվեն ինտերնետային տեխնոլոգիաների նորագույն միտումները եւ բիզնեսում դրանց կիրառման հեռանկարները: