11:06 | 02.11.10 | Նորություններ | 3533

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է իրավական թեմայով էսսեի մրցույթ

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը հայտարարել է իրավական թեմայով էսսեի մրցույթ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, էսսեները պետք է լինեն հետեւյալ թեմաներից որեւէ մեկի շրջանակներում. 

1.  Հեռահաղորդակցություն եւ համացանցային իրավունք; 
2.  ՀՀ կորպորատիվ եւ միջազգային մասնավոր իրավունք; 
3.  ՀՀ պայմանագրային իրավունք;
4.  ՀՀ Քաղաքացիական դատավարություն եւ արբիտրաժ:   

Ծրագրի դիմորդների ուսանողական տոմսի վավերականության ժամկետը չպետք է ավարտվի ավելի շուտ, քան ծրագրի արդյունքների հայտարարումը: Ընդունվելու է ուսանողի աշխատանքի բնօրինակը, որը  չպետք է հրատարակված լինի մինչեւ ներկայացման օրը: Էսսեն պետք է բաղկացած լինի 40 000 նիշից (առանց միջնատարածքների): Դիմորդները կարող են հանձնել նաեւ իրենց այն թեզը, ատենախոսությունը կամ գիտական աշխատությունները, որոնք դեռեւս չեն հրատարակվել կամ ներկայացվել մեկ այլ կազմակերպության (ծրագրի):

Հեղինակները կարող են աշխատանքները ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են հայտ ներկայացնել legalessay@mts.am էլեկտրոնային հասցեի միջոցով մինչեւ 2010թ. դեկտեմբերի 1-ը: Լավագույն աշխատանքները կհայտարարվեն 2011թ. մարտի կեսին: Դրանց ընտրության հիմքում լինելու է անանուն ստուգման սկզբունքը, որն ապահովելու են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության իրավաբանները:

Հաղթողները կստանան «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կորպորատիվ նվերներ եւ կարժանանան պաշտոնական պատվոգրերի: Հաղթողների աշխատանքները կտեղադրվեն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կայքի «Կարիերա» էջում եւ ներկայացված կլինեն ընկերության գրադարանում: