11:18 | 20.10.10 | Նորություններ | 3800

Հայաստանն ու Ռուսաստանը որոնում են տեխնոպարկի եւ վենչուրային հիմնադրամի նորարարական նոր մոդել «Մարս» գործարանի հիման վրա

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանն ու Ռուսաստանը որոնում են տեխնոպարկի եւ վենչուրային հիմնադրամի նորարարական նոր մոդել «Մարս» գործարանի հիման վրա, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, խոսելով հայաստանյան «Մարս» գործարանում «Սինտրոնիքս» ռուսաստանյան կոնցեռնի ներդրումային ծրագրի իրականացման հետաձգման պատճառների մասին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ «ծրագրին հարվածել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը», եւ ներկայումս կողմերը մշակում են գործարանի տարածքում ազատ տնտեսական գոտու, վենչուրային հիմնադրամի ստեղծման եւ նորարարական ծրագրերի իրականացման մեկնարկի նոր նորարարական մոդել:

Վարչապետի խոսքերով, ռուսաստանյան ներդրումների ընդհանուր ծավալն այդ ծրագրի իրականացման գործում նախատեսվում է $200 մլն-ի մակարդակում:

«Մարս» գործարանում տեխնոպարկի եւ վենչուրային հիմնադրամի ստեղծումը նախատեսվում էր դեռեւս 2009թ.: «Մարս»-ը Ռուսաստանի Դաշնության տնօրինությանն էր փոխանցվել 2003թ. ՀՀ պետական պարտքի մարման գործարքի շրջանակներում: