16:02 | 24.06.10 | Նորություններ | 2706

France Telecom-ի փոխնախագահն իրական է համարում Հայաստանում Orange-ի բաժանորդային բազայի կրկնապատկումը

Երեւան/Մեդիամաքս/. France Telecom-ի փոխնախագահ Օլաֆ Սուանտին այսօր Երեւանում ասել է, որ տպավորված է Orange Armenia-ի կես տարվա գործունեության արդյունքներից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Օլաֆ Սուանտին ասել է, որ Orange-ին հաջողվել է ՀՀ հեռահաղորդակցային շուկան ենթարկել մեծ փոփոխությունների: 

«Այսպիսով, մենք պահել ենք ամենանորարար օպերատորը լինելու եւ կապի եվրոպական օպերատորի մշակույթը ՀՀ շուկա բերելու մեր խոստումը»,- ասել է France Telecom-ի փոխնախագահը: 

Նրա խոսքերով, Оrange-ը դեպի ավելացում է վերանայել Հայաստանում բաժանորդային բազայի վերաբերյալ իր կանխատեսումները, որը կարճ ժամկետներում հասել է 250 հազարի: «Կարծում եմ` այդ թիվը մոտ ժամանակներս կկրկնապատկվի»,- ասել է Օլաֆ Սուանտին: