13:32 | 22.04.10 | Նորություններ | 2658
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում կայացել է Արեւմտյան Հայաստանից բերված 95 տնկիների տնկման հանդիսավոր արարողությունը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, միջոցառումը կայացել է VivaCell-MTS-ի, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից կազմակերպված «Կանաչ սերունդ» արշավի շրջանակներում: VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ միջոցառումը պարունակում է երկու հայկական հողերի` ժամանակակից Հայաստանի եւ նրա, որը մենք անվանում ենք «Էրգիր», վերմիավորման խորհրդանիշը:
FPWC հիմնադրամի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասել է. «Ծիծեռնակաբերդը սուրբ վայր է, որտեղ մենք ամեն անգամ հիշում ենք մեր անցյալը եւ վերադառնում ենք մեր ժողովրդի արմատներին»:
Ծառատունկին մասնակցել են ՀՀ մշակութային եւ քաղաքական գործիչներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր:
Այսօր կայացել է նաեւ մասնավոր հավաքածուներից 23 անուն արժեքավոր գրքերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանին նվիրելու արարողությունը: Գրքերը ձեռք են բերվել ԱՄՆ-ում FPWC-ի եւ VivaCell-MTS-ի համատեղ ջանքերով: