14:36 | 14.04.10 | Նորություններ | 3244

2009թ. ՀՀ IT-հատվածի աճն աննախադեպ էր, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը

Երեւան/Մեդիամաքս/. 2009 թվականը բեկումնային էր Հայաստանի IT-հատվածի համար, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) 10-րդ տոնական համագումարում Տիգրան Սարգսյանը նշել է, որ, չնայած նախորդ տարվա տնտեսական լուրջ անկմանը, IT-հատվածը ցուցադրել է աննախադեպ 17-տոկոսանոց աճ:

Վարչապետը կազմակերպությանը շնորհավորել է 10-ամյակի կապակցությամբ` նշելով, որ ընկերությունների միավորումը UITE-ի շրջանակներում նրանց թույլ կտա արդյունավետորեն լուծել ոլորտի առջեւ կանգնած խնդիրները, իսկ կառավարությունը ի դեմս Միության ունի լուրջ գործընկեր:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը տեղյակ է հատվածի խնդիրներին` ընդունելով իշխանությունների հասցեին արդար քննադատությունը ոլորտի զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների դանդաղ իրականացման կապակցությամբ: «Քննադատությունը կառավարության հասցեին ոչ մի դեպքում չի անտեսվի, մենք պատրաստ ենք շարունակել ակտիվ համագործակցությունը ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնավորապես, մենք գիտենք շատ ընկերությունների դժգոհության մասին երկակի նշանակության ապրանքների ներկրման ու արտահանման նախատեսվող խստացման կապակցությամբ եւ կփորձենք ոլորտի զարգացմանը չխոչընդոտող ելք գտնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հայտնել է նաեւ Սիլիկոնյան հովտում Armtech ֆորումի մշտական ներկայացուցչություն ստեղծելու կառավարության մտադրության մասին, ինչը, նրա խոսքերով, Հայաստանին թույլ կտա քայլել նոր տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց եւ դուրս գալ IT-արտադրանքի սպառման նոր շուկաներ: