12:19 | 06.04.10 | Նորություններ | 3829

Armix-ը հուսով է, որ իր շարքերը կհամալրեն «ԱրմենՏել»-ը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ Fibernet-ը

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Armix ինտերնետ-թրաֆիկի փոխանակման նորաստեղծ հիմնադրամը հուսով է, որ իր շարքերը կհամալրեն «ԱրմենՏել», «ՎիվաՍել-ՄՏՍ» եւ Fibernet ընկերությունները: 

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (UITE), վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչները հրավիրվել էին ապրիլի 2-ին կայացած հիմնադրամի առաջին նիստին եւ հիմնադիր ժողովին, սակայն չմասնակցեցին դրան:

Armix ինտերնետ-թրաֆիկի փոխանակման նորաստեղծ հիմնադրամի խորհրդում ընդգրկվել են UITE-ն, «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաեւ Arminco, Orange Armenia, GNC Alfa, Web, Ucom եւ Apaga Technologies ընկերությունները:

Հիմնադրամի նախագահ է ընտրվել Web ինտերնետ-պրովայդերի տնօրեն Ալբերտ Տոնեյանը, իսկ տնօրեն` UITE-ի կառավարման գծով խորհրդական Վահան Հովսեփյանը:

Հիմնադրամի նպատակն է առաջիկա ամիսներին ստեղծել ինտերնետ-թրաֆիկի փոխանակման կենտրոն, որում կմիավորվեն հայաստանյան խոշոր օպերատորների ցանցերը:

«Կենտրոնի շնորհիվ ինտերնետ-թրաֆիկի շուրջ 20-30%-ը կմնա Հայաստանում եւ չի հատի պետական սահմանը, որի արդյունքում կնվազեն պրովայդերների ծախսերը եւ ինտերնետի գները, իսկ որակը զգալիորեն կբարելավվի»,- հիմնադրամի հիմնադիր ժողովին ասել է UITE-ի ղեկավար Կարեն Վարդանյանը: