14:38 | 02.03.10 | Նորություններ | 3931

    Երեւանում կայացել է պետական մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհանդեսը

    Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է պետական մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհանդեսը:

    Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհանդեսի բացմանն ասել է, որ էլեկտրոնային համակարգի ներդրումը կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված բաղադրիչ բարեփոխումներից է:

    Նրա խոսքերով, էլեկտրոնային կառավարման համակարգը զգալիորեն կկրճատի փաստաթղթաշրջանառությունը, թույլ կտա շոշափելիորեն նվազեցնել ծախսերն ու ժամանակ տնտեսել:

    Վարչապետը նշել է, որ նոր համակարգի ներդրման արդյունքում կառավարության գործունեությունը կդառնա քաղաքացիների կողմից առավել վերահսկելի եւ թափանցիկ բոլոր փուլերում:

    Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ կառավարման էլեկտրոնային համակարգը կապահովի պետական ապարատի բոլոր օղակների աշխատանքի անխափանությունը:

    Կառավարության աշխատակազմի ղեկավար, ծրագրի համակարգող Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ համակարգի ստեղծման համար պահանջվել է 4 տարի: Նա շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին եւ Եվրոպական Միությանը օժանդակության համար:

    Համակարգի նախագծումն իրականացրել է անգլիական “AI Partnership” ընկերությունը: Պետական մարմինների միջեւ արագ էլեկտրոնային ցանցի շինարարությունն իրականացրել է հայաստանյան Ucom ՏՏ-ընկերությունը:

    Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է $700 հազար: