10:01 | 30.01.10 | Նորություններ | 3396

    «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկեց «Տեսադարանը»

    Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարեց «Բջջային հեռուստատեսության» «Տեսադարան» (Video on Demand) բաժնի գործարկման մասին:

    Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսուհետ բացի հեռուստածրագրով նախատեսված ժամերին  հեռարձակվող հաղորդումներից,  ընկերության բաժանորդները կարող են ձեռք բերել նաեւ տարբեր տեսակոնտենտ:

    «Տեսադարան» բաժինը հասանելի է բոլոր այն բաժանորդներին, որոնց հեռախոսները համատեղելի են 3G-ի ցանցի հետ:

    «Տեսադարանից» օգտվելու համար ընդամենն անհրաժեշտ է օգտագործման համար դյուրին մենյուից ընտրել նախապես տեսագրված նյութը, որը հասանելի կլինի ձեռք բերման պահից սկսած` 24 ժամվա ընթացքում:

    «Տեսադարան» բաժնում բաժանորդները կարող են կինոնկարների, ժամանցային և երգիծական հաղորդումների, մուլտֆիլմերի եւ տեսահոլովակների ցանկից ընտրել նախընտրած տեսանյութը եւ վճարել միայն ընտրված կոնտենտի համար: Ստեղծված է ընտրվելիք նյութի համառոտ տարբերակը դիտելու, ապա նոր միայն այն ձեռք բերելու հնարավորություն:

    Տեսակոնտենտի սակագինը կախված է դրա բովանդակության տեսակից: Գործում է սակագին` 160, 250 եւ 300 դրամ:

    «Հայաստանյան բաժանորդների շրջանում տեխնոլոգիական վերջին նվաճումների կիրառման և նրանց կարիքներին առավել համապատասխան ծառայությունների մատուցման պահանջարկ կա: Մենք ուրախ ենք այդ ցանկությանն ընդառաջ գնալու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքանշանի հերթական քայլի եւ հաճախորդների պահանջներին համապատասխան` հեռահաղորդակցության ոլորտում առաջադեմ և նորարարական ծառայություններ ներկայացնելու համար», - ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: