16:43 | 21.01.10 | Նորություններ | 3436
Երեւան /Մեդիամաքս/. Աշխատակիցների ջանքերը պետք է գնահատել նրանց տարիքից կամ սեռից անկախ, հայտարարել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, Ռալֆ Յիրիկյանն այդ մասին ասել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ արդյունավետ կառավարման ուղին սկսվում է ընկերության ներսում բարոյական արժեքների վրա հիմնված մենեջմենթի քաղաքակիրթ մոդելից եւ յուրաքանչյուրի նկատմամբ հոգատար վերաբերմունքից` բացառելով որեւէ խտրականություն:
«Անկախ զբաղեցրած դիրքից եւ պատասխանատվության չափաբաժնից` հարգանքը պետք է բացարձակ արժեք լինի բոլորի համար: Միայն պահանջելը եւ ոչինչ չտալը անհեռանկարային մոդել է: Մենք վստահ ենք, որ հարգանքը ծնում է պատասխանատվության, նվիրվածության եւ ընկերության բարօրության համար առաջադրված խնդիրներին հասնելու պատրաստակամության զգացում: Աշխատակիցների ջանքերը պետք է գնահատել նրանց տարիքից կամ սեռից անկախ»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: