13:24 | 09.12.09 | Նորություններ | 2653

Orange Armenia-ի ինտերնետային ծառայությունների թրաֆիքի միջին ամսական ծավալը մեկ բաժանորդի համար կազմել է 6 Գբ

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ի «Ինտերնետ հիմա» եւ «Flybox» ծառայությունների սպառողների թիվը կազմում է 4400:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` նշելով, որ բացի այդ, իրենց հեռախոսների միջոցով ինտերնետին լայնաշերտ հասանելիության ծառայությունից օգտվում է օպերատորի բջջային կապի բաժանորդների շուրջ 15%-ը:

Բրունո Դյութուայի խոսքերով, նոյեմբերին եւ դեկտեմբերի սկզբին օպերատորի ցանցի ծանրաբեռնվածությունը բարձր է եղել` կապված ինտերնետի անսպասելի մեծածավալ սպառման հետ, ինչի արդյունքում օպերատորն ունեցել է տեխնիկական խնդիրներ: «Ներկայումս տեխնիկական բոլոր դժվարությունները հաղթահարվել են, եւ մենք կրկին կարող ենք արագացնել մեր ինտերնետային ծառայությունների վաճառքը»,- ասել է Բրունո Դյութուան` նշելով, որ ինտերնետ-կապի հետ կապված խնդիրների լույսի ներքո ընկերությունը որոշում է կայացրել բաժանորդներին ազատել նոյեմբերի ընթացքում սպառած ինտերնետի վճարից:

Ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է նաեւ, որ Orange Armenia-ի ինտերնետային ծառայությունների թրաֆիքի միջին ամսական ծավալը մեկ բաժանորդի համար կազմել է 6 Գբ, ինչը Հայաստանի համար աննախադեպ ցուցանիշ է:

Պատասխանելով վերջերս այլ օպերատորների կողմից նկատվող ակտիվացման նկատմամբ Orange-ի արձագանքի մասին հարցին` Բրունո Դյութուան ասել է, որ դա կանխատեսելի եւ բնական էր Orange Armenia-ի` շուկա մտնելու լույսի ներքո: Միաժամանակ, Բրունո Դյութուան հայտնել է, որ ընկերությունը մտադիր է մինչեւ տարեվերջ ներկայացնել ինտերնետային մի շարք նոր ծառայություններ: