11:40 | 09.12.09 | Նորություններ | 4190

«Այբ» հիմնադրամը գործարարներին ներկայացրել է «Հայկական դպրոցի» նախագիծը

Երեւան /Մեդիամաքս/. «Այբ» կրթական հիմնադրամն այսօր Երեւանում ձեռնարկատերերի մասնակցությամբ կլոր սեղան է անցկացրել «Հայկական դպրոց» թեմայով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը նշել է, որ քննարկումների շրջանակներում նախատեսվում է հասարակությանը ներգրավել «Այբ կրթական հանգույց» նախագծի իրականացման գործընթացում:

Դավիթ Սահակյանն ընդգծել է, որ «Այբ» կրթական հանգույցը տեղակայված է լինելու Թբիլիսյան խճուղուն հարակից տարածքում /6.5 հա/: Նա նկատել է, որ նախագծի նպատակը «Հայկական դպրոցի» ստեղծումն է, որը պետք է դառնա միջնակարգ կրթական հաստատության մոդել եւ առհասարակ կրթական համակարգի օրինակ:

«Այբ»-ի գործադիր տնօրենը հայտնել է, որ դպրոցում կարող են սովորել 810 աշակերտներ, ովքեր պետք է ընտրվեն մրցույթի արդյունքում: Նա նշել է, որ դպրոցը լինելու է վճարովի, սակայն եթե աշակերտի ընտանիքն ի վիճակի չլինի վճարել ուսման դիմաց, հիմնադրամը կզբաղվի հովանավոր փնտրելու հարցով: Դավիթ Սահակյանն ասել է, որ «մենք մտադիր ենք կառուցել «Հայկական դպրոց», որի շրջանավարտները կարող են ուսուցումը շարունակել ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի լավագույն բուհերում»:

Հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ «Հայկական դպրոցի» կառուցման համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է $45-50 մլն: Միաժամանակ, նա ընդգծել է, որ պետությունը նախագիծը 10%-ով ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել: