14:32 | 02.12.09 | Նորություններ | 3787
Երեւան /Մեդիամաքս/. «Համակարգիչ բոլորի համար» փորձնական ծրագիրը շարունակվելու է մինչեւ 2010թ. վերջը, իսկ հիմնական ծրագիրը հաշվարկված է 4-5 տարվա համար, որի ավարտին ՀՀ բնակչության համակարգչայնացվածության մակարդակը պետք է կազմի 30%:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտնել է, որ «Համակարգիչ բոլորի համար» փորձնական ծրագրի իրականացման 2 ամիսների ընթացքում իրացվել է 1300 համակարգիչ` նախատեսված 500-ի փոխարեն:
Hewlett Packard-ի (HP) ԱՊՀ երկրներում ծրագրերի տնօրեն Վադիմ Տիխոնիչեւը հայտնել է, որ ծրագրի մասնակիցների 77%-ը 25-34 տարեկան տարիքային խմբի ներկայացուցիչներ են: Չնայած Հայաստանում ծրագրի գրասենյակների սահմանափակ ներկայությանը (Երեւան, Գյումրի եւ Վանաձոր), նախագծին մասնակցել են 25 քաղաքների բնակիչներ:
HP ներկայացուցիչը նշել է, որ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը» բավարարել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում վարկավորման հայտերի 80 տոկոսը:
2010թ. առաջին 5 ամիսների ընթացքում նախատեսվում է իրացնել 5 հազար համակարգիչ, ներկայացուցչություններ գործարկել ՀՀ բոլոր մարզերում, սկսել բնակչության ուսուցման եւ խորհրդատվական ծրագիրը:
Hewlett Packard-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը բանակցություններ է վարում ՀՀ հեռահաղորդակցային ընկերությունների եւ պրովայդերների հետ` ծրագրի բոլոր մասնակիցներին անվճար ինտերնետով ապահովելու նպատակով:
2010թ. հունվարի 20-ից ծրագրի շրջանակներում մեկնարկելու է «PC for teacher» նախագիծը, որն ուղղված է լինելու դպրոցներում եւ բուհերում դասավանդողներին արտոնյալ պայմաններով համակարգիչներ տրամադրելուն: