16:08 | 24.11.09 | Նորություններ | 3508

ArmTech-2010-ը կընթանա Երեւանում

Երեւան /Մեդիամաքս/. ArmTech-2010 բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության չորրորդ համաժողովը եւ բիզնես ֆորումը կանցկացվեն Երեւանում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Նրա խոսքերով, ArmTech-2010-ի շրջանակներում նախատեսվում է նաեւ տարածաշրջանային համաժողով Ֆրանսիայում:

Խոսելով ընթացիկ տարվա նոյեմբերի 5-8-ը Սան-Խոսեում կայացած ArmTech-2009 համաժողովի մասին` Ռոբերտ Հարությունյանն ընդգծել է, որ այն որակապես տարբերվել է նախորդ ֆորումներից: Նա նկատել է, որ “մենք նպատակ էինք դրել պատմել Հայաստանի հնարավորությունների մասին` որպես IT արդյունաբերության զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր, ինչպես նաեւ հարթակ ստեղծել արտասահմանյան երկրների հետ հետագա համագործակցության համար”:

Ռոբերտ Հարությունյանը վստահեցրել է, որ ArmTech-ի ընթացքում քննարկված հարցերը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում եւ ընդգրկվելու են համապատասխան գերատեսչությունների օրակարգում: