13:39 | 12.11.09 | Նորություններ | 4606

VivaCell-MTS-ը ներկայացրել է շարժական հեռուստատեսության ծառայությունը

Երեւան /Մեդիամաքս/. VivaCell-MTS-ը «եղել եւ կմնա Հայաստանի բջջային կապի շուկայի առաջատարը»:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում ասել է VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` ներկայացնելով ընկերության նոր ծառայություններն ու ապրանքատեսակները:

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է շարժական հեռուստատեսության ծառայությունը, որն այսօրվանից թեստային ռեժիմով հասանելի է VivaCell-MTS-ի 3G ցանցի բոլոր բաժանորդների համար: Թեստային ռեժիմը կտեւի մեկ ամսից մի փոքր ավել, որից հետո ընկերությունը կներկայացնի ծառայության սակագները:

Արդեն այսօր VivaCell-MTS-ի 3G ցանցում հասանելի է հայաստանյան 12 հեռուստաընկերությունների եթերը` Հ1, Հ2, «Շանթ», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «ՀայTV», «ԱՏՎ», ArmNews, «Արարատ», «Դար 21»: Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ հեռուստաընկերությունների ցանկն ընդլայնվելու է:

Պատասխանելով այն հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք VivaCell-MTS-ը հայաստանյան շուկայում ներկայացնել iPhone եւ BlackBerry, Ռալֆ Յիրկյանն ասել է` «Սպասեք ավելիին»: