16:31 | 17.09.09 | Նորություններ | 3663
Երեւան /Մեդիամաքս/. “Համակարգիչ բոլորի համար” փորձնական ծրագիրը կմեկնարկի Հայաստանում սեպտեմբերի 22-ին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշել է, որ նախագծի հիմնական նպատակն է հետազոտել համակարգիչների պահանջարկը եւ համակարգչային տեխնիկայի վաճառքի կենտրոնների գնային քաղաքականությունը, ինչպես նաեւ փորձարկել համակարգիչների եւ աքսեսուարների ձեռք բերման նոր բանկային մեխանիզմներ:
ԱՊՀ երկրներում Hewlett-Packard (HP) ընկերության ներկայացուցիչ Վադիմ Տիխոնիչեւի խոսքերով, “Համակարգիչ բոլորի համար” ակցիան նախատեսում է բնակչությանը համակարգիչ գնելու հնարավորության ընձեռում շահավետ պայմաններով, որոնք նախօրոք համաձայնեցվել են “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” հետ: Նախագծի գործընկերներն են նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը,
“Յունիկոմպ” եւ Microsoft ընկերությունները:
Վադիմ Տիխոնիչեւն ընդգծել է, որ նախագիծն իրականացվելու է մինչեւ 2012 թվականը: Մինչ այդ նախատեսվում է ՀՀ բնակչության շրջանում համակարգչի օգտագործման ցուցանիշը հասցնել 30%-ի, իսկ համակարգիչների վաճառքի ծավալը` տարեկան 15 հազարի: Նա ներկայացրել է նաեւ այդ ծրագրի շրջանակներում համակարգիչների ձեռք բերման պայմանները, որոնք նախատեսում են 0% կանխավճար եւ 0% միջնորդավճար:
Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, նախարարությունը պատրաստ է այդ ծրագրում ներդնել $5 մլն: Նա ընդգծել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է նաեւ բնակչության համար ինտերնետի մատչելիության խնդիրը: Ներսես Երիցյանն ընդգծել է, որ 2010թ. սկզբին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես կգա ինտերնետը ողջ երկրում տարածելու կոնկրետ առաջարկներով: