12:57 | 09.09.09 | Նորություններ | 4443

ՀԾԿՀ-ն սահմանել է ՀՀ բջջային ցանցերում միջազգային մուտքային զանգերի վերջնավորման սակագինը

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ սահմանել է “ԱրմենՏել”, VivaCell-MTS եւ Orange Armenia ընկերությունների բջջային ցանցերում միջազգային մուտքային զանգերի վերջնավորման սակագինը:

Ինչպես այսօր ՀԾԿՀ նիստում տեղեկացրել է հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, 2009թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2010թ. հունվարի 1-ը միջազգային մուտքային զանգերի վերջնավորման սակագինը կազմելու է 40 դրամ/րոպե /առանց ԱԱՀ/:

“ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է, որ դա ճիշտ, ծրագրված եւ հետեւողական աշխատանք է` ուղղված հանձնաժողովի կողմից օպերատորների միջեւ փոխհարաբերությունների կարգավորմանը, որոնք վերաբերում են միջազգային թրաֆիքի վերջնավորմանը:

Նրա խոսքերով, փոխկապակցման ծառայությունների վճարների վերաբերյալ ՀԾԿՀ-ի վերջին որոշումները կրում են կշռադատված եւ խելամիտ բնույթ բոլոր օպերատորների նկատմամբ:

Պատասխանելով վերջնական բաժանորդի համար սակագների նվազեցման ժամկետների մասին հարցին` Իգոր Կլիմկոն ասել է, որ դա կախված է լինելու մարկետինգային գործառնություններից: “Սակայն չարժե ուղղակիորեն պարտադրել փոխկապակցման գնով բաժանորդային սակագներ, քանի որ դա տնտեսական արդյունավետության խնդիր է, որը լուծվում է ընկերությունների շրջանակներում: Այնուամենայնիվ, կան նախադրյալներ սակագների հետագա նվազեցման համար”, - նշել է “ԱրմենՏելի” ղեկավարը: 

Իգոր Կլիմկոն նշել է նաեւ, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում կարող է գոյատեւել այն ընկերությունը, որն ունակ է արդյունավետորեն կառավարել իր ներքին ծախսերը: