13:59 | 26.08.09 | Նորություններ | 3464

“Կորնետ-ԱՄ”-ը ստացել է Կոտայքի մարզում արբանյակային կապի շահագործման համար ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր որոշել է “Կորնետ-ԱՄ”-ին տրամադրել Կոտայքի մարզում արբանյակային կապի շահագործման համար ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “Կորնետ-ԱՄ” ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանը նշել է, որ ընկերությունը WiMax ծառայություններ է մատուցում Հայաստանի արդեն 18 քաղաքներում: Նա հայտնել է, որ ընկերության հաճախորդների թիվը հասնում է 2780-ի, որոնցից 720-ը գտնվում են Երեւանի սահմաններից դուրս:

Բորիս Դեմիրխանյանը նշել է, որ, բիզնես ծրագրի համաձայն, ընկերության ներդրումների վերադարձելիության ժամկետը 5 տարի է, եւ “եթե այդ դինամիկան պահպանվի, ապա ընկերության ներդրումները կվերադարձվեն նշված ժամկետում”:

Նա հայտնել է նաեւ, որ “Կորնետ-ԱՄ”-ը մտադիր է Հայաստանում հոկտեմբերի 1-ից սկսել ֆիքսված կապի ծառայություններ մատուցել: Նրա խոսքերով, արդեն տեղադրվել են համապատասխան սարքավորումները, իսկ թեստավորումը նշանակված է սեպտեմբերի վերջին:

Բորիս Դեմիրխանյանն ընդգծել է, որ մինչեւ սեպտեմբերի վերջ ընկերությունը մտադիր է սակագները քննարկել “ԱրմենՏել” ընկերության հետ, որից հետո կարող է մատուցել ֆիքսված կապի ծառայություններ: