16:45 | 10.07.09 | Նորություններ | 3077

Իր ֆիքսված ցանցին միանալու համար «ԱրմենՏելը» օպերատորներին կառաջարկի հավասար պայմաններ

Երևան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ VivaCell-MTS եւ Orange Armenia օպերատորները փոխկապակցման մասին նոր պայմանագրի կնքման հարցում հանդես են եկել տարբեր դիրքորոշումներով:

Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` Իգոր Կլիմկոն ասել է, որ այս իրավիճակում «ԱրմենՏելը» անհրաժեշտ է համարել հավասարակշռված դիրք զբաղեցնել եւ դիմել կարգավորողին` փոխկապակցման սակագների որոշման մասին առաջարկով:

«Ինչ վերաբերում է «ԱրմենՏելի» ֆիքսված ցանցին միանալու սակագներին, ապա մենք պետք է հավասար պայմաններ առաջարկենք ինչպես գործող, այնպես էլ նոր օպերատորին», - ասել է Իգոր Կլիմկոն: Միաժամանակ, ընդգծել է նա, փոխկապակցման նոր գները չեն ազդելու բաժանորդների համար սահմանված սակագների վրա:

«Մենք մեր առջեւ փոխկապակցման սակագների իջեցման կամ բարձրացման խնդիր չենք դնում: Մենք պետք է հավասարակշռված դիրք զբաղեցնենք», - ընդգծել է Իգոր Կլիմկոն: