19:14 | 15.04.09 | Նորություններ | 3453

Իգոր Կլիմկոն “ԱրմենՏելի” նոր ղեկավարն է

Երեւան /Մեդիամաքս/. 40-ամյա Իգոր Կլիմկոն նշանակվել է “ԱրմենՏելի” նոր գլխավոր տնօրեն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով “ԱրմենՏելի” մամլո ծառայությունը, Իգոր Կլիմկոն կստանձնի իր պարտականությունները 2009 թ. ապրիլի 27-ից:

Մեկնաբանելով այս նշանակումը` “Վիմպելկոմի” ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխտնօրեն Դմիտրի Պլեսկոնոսն ասաց. “Իգորի ղեկավարման օրոք Beeline-ը աճի բարձր տեմպ է ցուցադրել Տաջիկստանի շուկայում: Հայաստանում մեր գործառնությունների ծավալը զարգացման էլավելի լայն հնարավորություններ է ընձեռում, քանի որ ընկերության գործունեությունը ներառում է կապի ծառայությունների ողջ տեսականին, այդ թվում` ամրակցված հեռախոսակապ եւ լայնաշերտ Ինտերնետ-հասանելիություն: Վստահ եմ, որ Իգորը և “ԱրմենՏել”-ի թիմը մեծ ներդրում կունենան բոլոր ուղղություններով մեր դիրքերն ամրապնդելու գործում”:

“Ինձ միշտ հետաքրքրել է նոր հավակնոտ խնդիրների լուծումը”, - նշեց Իգոր Կլիմկոն: “Այսօր ես դրանց թվին եմ դասում առաջին հերթին “ԱրմենՏել”-ի զինանոցում ունեցած բոլոր կապի միջոցների միավորումը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների հիման վրա նոր ծառայությունների մշակումը, շարժական բիզնեսում  մեր դիրքերի ամրապնդումը եւ մեր սերվիսի որակի հետագա բարելավումը` մնալով երկրի խոշորագույն ընկերությունը”:

Իգոր Կլիմկոն ծնվել է 1969 թ. հունիսի 7-ին Կալինինգրադի մարզի Բալտիյսկ քաղաքում: 1993 թ. ավարտել է Կալինինգրադի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1996 թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության կառավարության առընթեր Ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագետի որակավորում: 2002թ. նա ստացել է գործարար կառավարման մագիստրոսի կոչում Սանկտ-Պետերբուրգի միջազգային մենեջմենթի ինստիտուտում  (IMISP):